Facebook սոցիալական ցանցում հայտնվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հաղորդագրությունը, որում նա արձագանքում է Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում տեղի ունեցած բազմահազարանոց բողոքի ցույցերին խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ:
«Սահմանադրության համաձայն Ռուսաստանի քաղաքացիները խոսքի ազատություն և հավաքների ազատություն ունեն: Մարդիկ իրավունք ունեն արտահայտելու իրենց դիրքորոշումը, ինչն էլ նրանք երեկ արեցին»,- գրել է Մեդվեդևը: Նրա խոսքով` «լավ է, որ ամեն ինչ տեղի ունեցավ օրենքի շրջանակում»: «Ես համաձայն չեմ ո'չ ցույցերի ժամանակ հնչած կարգախոսների, ո'չ հայտարարությունների հետ»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:
«Այնուամենայնիվ, ես հանձնարարել էի ստուգել ընտրատարածքներից ստացված բոլոր հաղորդագրությունները, որոնք վերաբերում էին ընտրությունների մասին օրենսդրության պահպանմանը»,- տեղեկացրել է Դմիտրի Մեդվեդևն իր ընթերցողներին Facebook-ում:
Այդ միջոցին Facebook-ում Մեդվեդևի էջում ըստ Գրինվիչի 17:20-ին մոտ 4,5 հազ մեկնաբանություն է հայտնվել: Մեկնաբանողների քանակն արագորեն աճում է, օգտատերերի մեծամասնությունը դժգոհություն են հայտնում Ռուսաստանի նախագահի հայտարարության վերաբերյալ, հաղորդում է BBC-ն:





