Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի ողջ տարածքում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել Պետդումայի ընտրություններում թույլ տված խախտումների դեմ, ինչն աննախադեպ երևույթ է Պուտինի ժամանակաշրջանի Ռուսաստանի համար: Ամենամեծ թափը ցույցերը ստացան Մոսկվայում, որտեղ հանրահավաքի եկավ 25-100 հազար մարդ:
Նույն օրը Երևանում ՌԴ դեսպանատան առջև տեղի ունեցավ պիկետ ի պաշտպանություն Մոսկվայում հանրահավաքի մասնակիցների: Թեև դեկտեմբերի 9-ի երեկոյան «Ազատ քաղաքացիները հանուն ազատ քաղաքացիների» ակցիայի մասնակցելու վերաբերյյալ Facebook սոցցանցում համաձայնություն էր տվել մոտ 50 օգտատեր, սակայն դեկտեմբերի 10-ի առավոտյան դեսպանատան առջև ընդամենը 20 մարդ էր հավաքվել: Պետք է նշել, որ լուսաբանելու եկած լրագրողների քանակը քիչ էր զիջում ակցիայի մասնակիցների քանակին: Ինչ վերաբերում է ակցիայի մասնակիցներին, ապա նրանց թվում քիչ չէին ծանոթ դեմքերը, դրանք հիմնականում ՀԱԿ-ի ակտիվիստներն էին, որը երևանյան հանրահավաքների մշտական մասնակիցներն են, և մի քանի իրավապաշտպաններ:
Սակայն, ընդդիմության շարքային ներկայացուցիչները իրենց քաղաքացիական դիրքորոշման դրսևորման հետ մետկտեղ տարօրինակ լռություն են պահպանում ընդդիմադիր ղեկավարների, մասնավորապես, ՀԱԿ ղեկավարության կողմից ՌԴ իրադարձությունների գնահատման հարցում: Ժամանակին ՀԱԿ հանրահավաքներում նրա ղեկավարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մեղադրում էր Արևմուտքին Հայաստանում մարդու իրավունքների խախտման ու ժողովրդավարության ոտնահարման վրա աչք փակելու մեջ՝ ի նպաստ սեփական շահերի: Սակայն, հավանաբար, նրանց ևս բնորոշ է «երկակի չափանիշների» քաղաքականությունը, ինչպես նաև զգուշավորությունը աշխարհի ուժեղների գործողությունները գնահատելիս:
Ես փորձեցի իմանալ հանրահավաքի ամենաակտիվ մասնակիցներից մեկից, ՀԱԿ ակտիվիստ ու մի քանի հայկական բուհերի դասախոս Սամվել Կարաբեկյանից թե ինչու հայկական ընդդիմությունն իր վերաբերմունքը չհայտնեց Ռուսաստնի իրադարձությունների վերաբերյալ: Կարաբեկյանը պատասխանեց, որ մասնակցելով այս ակցիային նա իր անձնական կարծիքն է հայտնում, իսկ ընդդիմության հայտարարությունն արդեն քաղաքական հարց է և կարող է արվել ՌԴ-ում ընտրությունների արդյունքների մանրակրկիտ քննությունից հետո միայն:
Մնում է միայն սպասել դեկտեմբերի 24-ին, երբ տեղի է ունենալու ռուսական ընդդիմության հերթական ցույցը Մոսկվայում և տեսնել, թե արդյոք հայ ընդդիմության ղեկավարները կոմնղորոշվել են Պետդումայի ընտրությունների վերաբերյալ հարցում: Սակայն, եթե ազնիվ լինենք, քիչ հավանական է, որ չնայած մարդու իրավունքների մասին մշտական հայտարարություններին ու ողջ աշխարհում ժողովրդավարության անխուսափելի հաղթանակին, հայկական ընդդիմության առաջնորդները կհամարձակվեն դեմ գնալ Հայաստանի «ավագ եղբորը»:





