AM
16 Դեկտեմբեր 2011 - 14:23 AMT

Հայաստանը պատրաստվում է 2012 թ. «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին

Հայաստանը պատրաստվում է 2012 թ. «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին : Այդ մասին կառավարությունում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաը Կայուն զարգացման ազգային խորհրդի (ԿԶԱԽ) ընդլայնված նիստի շրջանակներում: «Ակնհայտ է` որպես նորանկախ պետություն՝ Հայաստանի Հանրապետության համար կայուն զարգացման գաղափարների ներդաշնակեցումը կապված էր որոշ դժվարությունների հետ: Չնայած բազմաթիվ խոչնդոտներին` Հայաստանում 2000-ական թթ. ակտիվացավ կայուն զարգացման սկզբունքների ներդրումը: Վերջերս Հայաստանը ՄԱԿ-ի կառույցների կողմից գնահատվեց որպես կայուն զարգացման միտումներին համապատասխանող երկիր:

Այսօր ձեզ կներկայացվի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հրատարակված Մարդկային զարգացման ամենամյա զեկույցը, որտեղ մանրամասն նկարագրված են հրատապ գլոբալ մարտահրավերները: Պետք է արձանագրել, որ Հայաստանի համար մարդկային զարգացման զեկույցի ցուցանիշը, որը 2011 թ. կազմում է 0.716, գրեթե չի փոխվել: Մենք զբաղեցնում ենք 86-րդ տեղը 187 երկրների շարքում: Չնայած 2009 թ. տնտեսական ճգնաժամին`մենք մեր դիրքն այս ցուցանիշով չենք կորցրել, և դա առաջին հերթին պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ կառավարությունն ամբողջությամբ կատարում էր իր սոցիալական պարտավորությունները: Ավելին, 2009 թ. ճգնաժամային տարվա ընթացքում մենք նույնիսկ ավելացրինք սոցիալական նպաստները և թոշակները:

Ներկայումս ծավալվում է «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին համընդհանուր նախապատրաստական գործընթացը, որի նպատակն է գնահատել անցած տարիների աշխատանքը: Մեր երկիրը ևս պետք է վերլուծի 1992-ից ի վեր դեպի կայուն զարգացում անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու բացթողումները: Այդ գործունեության արդյունքներն ամփոփ զեկույցի տեսքով նախատեսվում է ներկայացնել «Ռիո+20» գագաթաժողովին»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ նշված գագաթաժողովին մեր երկրի պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով գործում է համակարգող ազգային հանձնաժողով՝ բնապահպանության և արտաքին գործերի նախարարների գլխավորությամբ, ինչպես նաև թեմատիկ աշխատանքային խմբեր: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը հաստատել է «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին ՀՀ մասնակցության միջոցառումների ծրագիրը և այժմ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում «Կայուն զարգացման առաջընթացը և խնդիրները Հայաստանում» գնահատման զեկույցի կազմման ուղղությամբ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի օժանդակությամբ:

Այնուհետև խորհուրդն անցել է նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանը: Խորհրդի անդամ, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան ու ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի փորձագետ Միխայիլ Պելեահը ներկայացրել են «Կայուն զարգացում և հավասար հնարավորություններ» խորագրով 2011 թ. գլոբալ մարդկային զարգացման զեկույցը: Նրանք նշել են, որ զեկույցն անդրադառնում է կայուն և հավասար հնարավորություններ ապահովող զարգացման հիմնախնդիրներին և ցույց տալիս, որ չնայած վերջին 25-30 տարիներին արձանագրված առաջընթացին, աշխարհում բնակչության կենսամակարդակի տարբերությունը շարունակում է աճել:

Մեկ այլ հարցով քննարկվել է «Կայուն զարգացման առաջընթացը և խնդիրները Հայաստանում» գնահատման զեկույցը: ԿԶԱԽ-ի քարտուղար, Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը խոսել է նշյալ զեկույցի սկզբունքների և մոտեցումների մասին: Այդ շարքում նա առանձնացրել է կայուն զարգացմանն աջակցության և հնարավոր մարտահրավերների կանխարգելմանն ուղղված գործունեությունը, ազգային և տեղական մակարդակով հարցերը, նվաճումները և առկա հիմնախնդիրները, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության համագործակցությունը: