Հայաստանը խստագույնս դատապարտում է Ստամբուլում իրագործված ահաբեկչությունները, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի եւ ավերածությունների պատճառ դարձան: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը` լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի դիրքորոշումը նոյեմբերի 20-ին Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների նկատմամբ: «Մենք մեր անկեղծ կարեկցանքն ու ցավակցությունն ենք հայտնում զոհվածների եւ տուժածների ընտանիքներին, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Միացյալ Թագավորության կառավարություններին եւ բոլոր քաղաքացիներին»,- ասել է նա: Գիտակցելով, որ ահաբեկչությունը չի ճանաչում սահմաններ եւ խտրականություն չի դնում ազգերի եւ դավանանքների միջեւ` Հայաստանն աներկբայորեն միանում է ահաբեկչության դեմ մղվող միջազգային պայքարին, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը:





