AM
18 Նոյեմբեր 2003 - 16:02 AMT

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ «ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ»-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Այսօր Երեւան կժամանեն հինգ ռուս մասնագետներ, որոնք ներկայացնում են ՌԴ էներգետիկայի եւ գույքային հարաբերությունների նախարարությունները, ինչպես նաեւ «ԵԷՍ Ռոսիի» ընկերությունը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են Հայաստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունում, այցի նպատակը ՌԴ հանդեպ Հայաստանի պարտքի մարման հաշվին «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ բաժնետոմսերի փաթեթը Ռուսաստանի սեփականությանը հանձնման վերաբերյալ վերջնական փաստաթղթերի նախապատրաստումն է: Հետագայում նախատեսվում է ՋԷԿ-ը հանձնել ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի» կառույցներից մեկի կառավարմանը` ի դեմս Միջազգային էներգետիկ կորպորացիայի, որը ներկայումս կառավարում է Սեւան-Հրազդանի կասկադը: Միեւնույն ժամանակ Հայաստանի էներգետիկայի նախարարությունում դժվարացել են հայտնել Հրազդանի ՋԷԿ-ը ռուսաստանյան կողմին հանձնելու պաշտոնական ժամկետները: Նշենք, որ Հրազդանի ՋԷԿ-ը, որին բաժին է ընկնում հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 20 տոկոսը, գնահատվել է 31 մլն դոլար: