Հայաստանում ռուսական ՄիԳ-29 կործանիչի վթարի պատճառ կարող էր դառնալ օդաչուի սխալը, այսօր «Ինտերֆաքս» գործակալությանն է հաղորդել աղբյուրը ՌԴ Զինված ուժերի թռիչքների անվտանգության ծառայությունում: Նրա խոսքերով, «վթարի առավել հավանական պատճառը ինքնաթիռի վարման սխալն է»: Աղբյուրի համաձայն, օդաչու` մայոր Կոնստանտին Կարդաշը ուսումնական թռիչք էր կատարում սարերում, բարդ օդերեւույթաբանական պայմաններում` ցածր ամպամածություն եւ տեղումներ ձյան տեսքով: «Թռիչքները սարերում խորհուրդ է տրվում կատարել միայն լավ եղանակի դեպքում»,-ասել է ծառայության ներկայացուցիչը: Նրա խոսքով, «օդերեւույթաբանական պայմանների վատթարացման դեպքում օդաչուն պարտավոր է զեկուցել այդ մասին թռիչքների ղեկավարին եւ նրա հրամանով դադարեցնել թռիչքային հանձնարարության կատարումը սարերում»:





