Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում հակամարտության կարգավորման գործընթացում հիմնական դերը պետք է խաղան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահնեի շփումները: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին է հայտարարել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: Նրա խոսքերով, Ռուսաստանը ձգտում է նպաստել ղարաբաղյան խնդրի լուծմանն ինչպես երկկողմ հիմքի վրա, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Սակայն Մոսկվան մտադիր չէ ճնշում գործադրել երկու երկրների ղեկավարների վրա եւ կողմերին պարտադրել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, ընդգծել է Վ. Ռուշայլոն: Նա նշել է նաեւ, որ Ադրբեջանի նոր ղեկավար Իլհամ Ալիեւին որոշ ժամանակ հարկավոր կլինի ղարաբաղյան կարգավորման շուրջ իրադրությունը նախագահի մակարդակով ընկալելու եւ գիտակցելու, եւ դրանից հետո որեւէ իրական առաջարկով հանդես գալու համար: «Ինչ վերաբերում է հայկական կողմի դիրքորոշմանը, ապա այն հայտնի է Ռուսաստանին»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարը:





