AM
6 Նոյեմբեր 2003 - 14:36 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՎԱՆ

Նոյեմբերի 10-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, նախարարը հանդիպում կունենա Հայաստանի քաղաքական ղեկավարության, ինչպես նաեւ իր հայ գործընկերոջ Սերժ Սարգսյանի հետ: Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել 2004 թ. երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ նախկինում ստորագրված համաձայնագրերը լրացնող արձանագրություններ: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, հանդիպումների ընթացքում կքննարկվեն նաեւ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի գործունեությանն ու Ռուսաստանի ռազմական բուհերում հայ զինծառայողների ուսուցմանն առնչվող հարցեր: Կքննարկվեն նաեւ հայկական բանակի սպառազինությունների արդիականացմանը եւ ռուսական ռազմատեխնիկայի մատակարարումներին վերաբերող հարցեր: