AM
3 Նոյեմբեր 2003 - 14:53 AMT

ՋՐԱԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 156-Ի

Այսօր ժամը 11-ի դրությամբ Երեւանի Արաբկիրի համայնքում ջրատար խողովակների վթարի հետեւանքով վարակված հիվանդների թիվը հասել է 156-ի: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանը: Նրա խոսքերով, նախօրեին հիվանդանոց է դիմել 24 հիվանդ, իսկ այսօր առավոտյան` 3-ը, որոնց վիճակը կարելի է գնահատել որպես թեթեւ: Արա Ասոյանը ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը չի կարելի բնութագրել որպես համաճարակ, քանի որ ներկայումս հիվանդները միայն Կենտրոն եւ Արաբկիր համայնքներից են, ուր մինչ այժմ շարունակում է հոսել վթարված ջրատարի ջուրը: Ընդ որում գլխավոր բժիշկը հավաստիացրել է, որ վարակված հիվանդների հոսքն օրեցօր նվազում է, իսկ 30 հոգի արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Միեւնույն ժամանակ, ինչպես լրագրողներին այսօր հայտնեց Ջրային րեսուրսների պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը, ՀՀ Գլխավոր դատախազությունը տվյալ փաստով հարուցել է քրեական գործ: