Մոտ օրերս ծրագրվում է Հրազդանի ջերմաէլեկտրակայանը (ՋԷԿ) «ԵԷՍ Ռոսսիի» ընկերության հավատարմագրային կառավարմանը հանձնելու վերաբերյալ պայմանագրի ստորագրում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Միջազգային էներգետիկ կորպորացիայի գլխավոր տնօրեն Մէլս Հակոբյանը: Նրա խոսքերով, տվյալ հարցի շուրջ ներկայումս շարունակվում են ինտենսիվ բանակցությունները: Բանը նրանում է, մեկնաբանել է նա, որ «գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում Ռուսաստանի սեփականությանը կայանի հանձնման գործընթացը փոքր-ինչ ձգձգվում է: «Որպեսզի ծրագիրը օդում կախված չմնա, որոշում է կայացվել առաջին փուլում Հրազդանի ՋԷԿ-ը հանձնել ռուսական կողմի հավատարմագրային կառավարմանը»,-ասել է Մ.Հակոբյանը` ավելացնելով, որ ներկայումս գլխավոր խնդիրը կայանը ձմռանը նախապատրաստելն է: Հիշեցնենք, որ Հրազդանի ՋԷԿ-ին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի 20 տոկոսը:





