AM
30 Հունվար 2012 - 13:21 AMT

Թեհրանում Հայաստանի դեսպանությունը նշել է Հայոց բանակի 20-րդ տարեդարձը

Հունվարի 29-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրի հանդիսությունների սրահում ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի ազգային բանակի կազմավորման 20-րդ տարեդարձին:

Հանդիսությանը ներկա բազմաթիվ հյուրերի թվում էին ԻԻՀ պետական, ռազմական, քաղաքական և հասարակական գործիչներ, ԻԻՀ մեջլիսի հայազգի պատգամավորներ, Թեհրանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների անդամներ, ռազմական կցորդներ, արվեստի, գիտության և տնտեսության ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև իրանահայ համայնքի երեք թեմերի անդամներ, լրագրողներ:

Հանդիսության պաշտոնական մասը սկսվեց ՀՀ ԻԻՀ պետական օրհներգների կատարումով: Որից հետո ներկաներին շնորհավորական ուղերձով դիմեց ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:

Հայոց բանակի 20-ամյա ուղու մասին համառոտ զեկույց ներկայացրեց ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը: Երեկոն ուղեկցվում էր Հայաստանի ազգային բանակի 20 ամյակին նվիրված տեսաֆիլմերի ցուցադրությամբ և հայկական ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ: