Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը կգլխավորեն Լևոն Տեր-Պետրոսյանը և Ստեփան Դեմիրճյանը: Այս մասին հունվարի 30-ի երեկոյան «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը՝ Կոնգրեսի քաղխորհրդի նիստից հետո:
«Սա միանշանակ է ընդունվում բոլորի կողմից, որ Կոնգրեսի ցուցակը պետք է ղեկավարեն Լ. Տեր-Պետրոսյանն ու Ստ. Դեմիրճյանը: Այսինքն, առաջին և երկրորդ տեղերը պետք է լինեն նրանք՝ որպես ընդգծված լիդերներ, որոնք հեղինակություն են վայելում»,- ասել է Մինասյանը: Երեկվանից արդեն Կոնգրեսի քաղխորհրդում լուրջ քննարկումներ են սկսվել ցուցակի ձևավորման ուղղությամբ: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ ասել է, որ առնվազն 3-4 տեսակետ է ներկայացվել այն մասին, թե ինչպեսմ կազմել ցուցակը:
Ըստ Մինասյանի, ցուցակում պետք է ընդգրկված լինեն առաջին հերթին այն ուժերն ու անհատները, որոնք «լրջագույն ներդրում են ունեցել Կոնգրեսի ձևավորման, պահպանման և այս չորս տարիներին նրա հեղինակության բարձրացման գործում»:





