Վարչապետ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի նախագահության թեկնածուներից միակն է, որը կկարողանա հաջորդականություն ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Ի.Ալիեւի առավելությունը նրանում է, որ նա իրազեկ է իր հոր` Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վարած բանակցություններին, եւ, հավանաբար, կապահովի կարգավորման գործընթացի հաջորդականությունը, «ինչն այնքան կարեւոր է Հայաստանի համար», ընդգծել է նախարարը: Նա հիշեցրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բազմաթիվ հանդիպումների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել մի շարք կետերի վերաբերյալ:





