AM
6 Հոկտեմբեր 2003 - 15:22 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՍՓՅՈՒՌՔԻՆ ՄԻԱՎՈՐԵԼ ՋԱՆՔԵՐԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ՀԱՄԱՐ

Հայաստանի սահմաններից դուրս ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, եւ այդ ներուժը պետք է գործի պետության ամրապնդման օգտին: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ելույթ ունենալով Մոսկվայում Համաշխարհային հայկական կազմակերպության առաջին համաժողովում: «Հայաստանը աղքատ է ռեսուրսներով եւ գտնվում է բարդ տարածաշրջանում: Մենք կհասնենք հաջողության, եթե շահագրգիռ լինենք սփյուռքի պահպանման գործում», – ասել է նա: Ռ.Քոչարյանի խոսքերով, միավորել ամբողջ աշխարհով սփռված սփյուռքը բարդ է, սակայն անհրաժեշտ է համագործակցության ռացիոնալ ձեւեր գտնել համայնքների ներսում: «Սփյուռքի ջանքերի միավորումը պետք է գործի Հայաստանի բարգավաճման օգտին»,- ընդգծել է նա: Նախագահի խոսքերով, Ռուսաստանում է գտնվում ամենամեծ հայկական համայնքը, որը հաստատուն կամուրջ է հանդիսանում Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամության համար: