AM
6 Փետրվար 2012 - 09:53 AMT

Աշոտյան. Որոշ դպրոցներում կա դպրոցի տնօրենի ընտրության գործընթացի հետ կապված խնդիր

Նախորդ տարվա սեպտեմբերից մինչև դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում հանրապետության ավելի քան 900 դպրոցներում տեղի են ունեցել տնօրենների մրցույթներ, որոնցից ընդամենը մեկ տասնյակի` այսինքն մոտ 1 տոկոսի վերաբերյալ են բողոքներ ու դժգոհություններ եղել: ՀՀ ԿԳ նախարարին կից գումարված կոլեգիայի նիստում այսօր այս մասին ասել է նախարար Արմեն Աշոտյանը՝ նշելով, ցանկացած համակարգային բարեփոխման համար սա դրական ցուցանիշ է:

«Այնուամենայնիվ որոշ դպրոցներում կա դպրոցի տնօրենի ընտրության գործընթացի հետ կապված խնդիր, որն անհրաժեշտ է կարգավորել տվյալ համայնքի բնակչության և մարզպետարանի լիազորությունների, ինչպես նաև նախարարության քաղաքականության համատեքստում»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումներն ու թերությունները վերացնելու ուղղությամբ ավելի հետևողական աշխատանքի անհրաժեշտություն կա: