Հայրենական արտադրողների միության նախագահը կողմ է հանդես եկել նրան, որ երկրի խորհրդարանում գերակայեն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք կզբաղվեն սոցիալական խնդիրների լուծմամբ: «Կարծում եմ, որ խորհրդարանի կազմը պետք է փոխվի, քանի որ այն խնդիրները, որոնք ես բարձրաձայնում եմ, կարող են լուծել միայն սոցիալական ուղղվածություն ունեցող ուժեր:
Այնպիսի ուժեր, որոնց նախընտրական ծրագիրն ուղղված է սոցիալական բնույթի խնդիրների լուծմանը»,-ասել է նա փետրվարի 6-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում` մեկնաբանելով կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Այս համատեքստում Վազգեն Սաֆարյանը հավելել է, որ նոր խորհրդարանը պետք է էապես տարբերվի գործողից, քանի որ վերջինս չկարողացավ լուծել երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները:
Իր հերթին Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը հավելել է, որ ով էլ գա իշխանության, սոցիալ-տնտեսական մակարդակով անբավարարության վեկտորը միշտ էլ ուղղված է լինելու քաղաքական ուժերին: Պատասխանելով այն հարցին, թե որ կուսակցությանն է նախընտրություն տալիս հասարակական շահերի պաշտպանը, Արմեն Պողոսյանը պատասխանել է` «Ժառանգությանը»: Ընդ որում, նա հավելել է, որ հասարակական կազմակերպության պարտականությունների մեջ է մտնում այն ակտուալ խնդիրների բարձրաձայնումը, որոնք անհանգստացնում են հասարակությանը:





