AM
6 Փետրվար 2012 - 11:28 AMT

ՀՀ քաղաքացին փորձել է Իրանից ներկրել 30 գրամ «մետամֆետամին»

ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս` օպերատիվ տեղեկությունների հիման վրա, կանխել են մոտ 30 գրամ «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներկրումը Իրանից: ՊԵԿ-ից հայտնում են, որ թմրամիջոցը փորձել է ներկրել ՀՀ քաղաքացի Զավեն Ստեփանյանը:

Վերջինս, թաքցնելով այն մաքսային հսկողությունից, հատել է սահմանային անցակետը և փորձել դուրս գալ մաքսային հսկողության գոտուց: Սակայն Մեղրիի մաքսակետում զննման ժամանակ պարզվել է, որ Զ. Ստեփանյանը թմրամիջոցը թաքցրել է անձնական իրերի և ավտոբուսի մեջ. մասնավորապես, մետամֆետամին է հայտնաբերվել նրա հագուստի թևքում և ճապրուկում` թղթադրամի մեջ փաթեթավորված, ինչպես նաև ավտոբուսի նստատեղի տակ և բեռնախցիկում: Կատարվում է քննություն: Նախորդ տարի արձանագրվել է Իրանից «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի ներկրման աճ. փորձ է արվել տեղափոխել ընդհանուր առմամբ շուրջ 700 գրամ:

Ընդհանուր առմամբ, 2011թ. ընթացքում վարչության աշխատակիցները հայտնաբերել են մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 46 դեպք, որոնցից 9-ը եղել է թմրանյութերի և հոգեմետ նյութերի մասով: Նախորդ տարվա ընթացքում կանխվել են նաև տարատեսակ ապրանքների, այդ թվում ոսկյա և արծաթյա զարդերի, տարադրամի, սննդամթերքի, ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի, տնտեսական ապրանքների ապօրինի տեղափոխման փորձեր: