AM
27 Սեպտեմբեր 2003 - 15:16 AMT

ԵՐԵՎԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ԱՅՆ ԿԵՏԻՑ, ՈՐՈՒՄ ԸՆԴՀԱՏՎԵԼ ԵՆ

Պաշտոնական Երեւանն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն այն կետից, որում ընդհատվել են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նրա խոսքերով` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները «հասել են լուրջ առաջընթացի եւ բավականին լավ հիմք է դրվել հետագա բանակցությունների համար»: Նախարարը նշել է, որ ԱՄՆ ղեկավարության եւ մյուս երկրների իր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում հիմնական շեշտը դրվել է «վերջին տարիների գործընթացներն ու դրանց հիման վրա ստեղծված այսօրվա իրավիճակն անտեսելու անհնարինության վրա»: Պատասխանելով Ադրբեջանի վարչապետ Իլհամ Ալիեւի Հայաստանի հասցեին Նյու Յորքում հնչած մեղադրանքների մասին հարցին` Վ. Օսկանյանը նշել է, որ «Ադրբեջանի վարչապետի բերած փաստարկներն ու վերլուծությունը նենգափոխված են»: «Մենք հասկանում ենք, որ Ի.Ալիեւը նախագահի պաշտոնի թեկնածու է եւ փորձում է դուր գալ իր ժողովրդին: Սակայն մեզ մտահոգում է այն, որ նման հայտարարություններից հետո դրանց հեղինակներն իրենք իրենց անկյում են մտցնում, որտեղից նրանց դժվար կլինի դուրս գալ ընտրություններից հետո», – հայտարարել է նա: Միեւնույն ժամանակ նախարարը չի բացառել, որ Լեռնային Ղարաբաղին առնչվող Իլհամ Ալիեւի հայտարարությունները սոսկ նախընտրական չեն, եւ նրա դիրքորոշումը այդ հարցում հնարավոր է, որ կոշտ կլինի: «Սակայն այն, ինչ նա խոստանում է, անիրատեսական է, եւ Ադրբեջանի ժողովրդին հիասթափություն է սպասում, քանի որ այսօր միջազգային գործընթացները, այդ թվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ընթանում են միանգամայն այլ ուղիով, քան այն, որն իր ելույթում փորձել է ներկայացնել Ի. Ալիեւը», – ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: