ԼՂՀ հուշարձանների պահպանման վարչության պետ Սլավա Սարգսյանն անհիմն եւ անհեթեթ է անվանել ղարաբաղյան կողմի հասցեին հնչող մեղադրանքները Լեռնային Ղարաբաղում գտնվող հին մուսուլմանական հուշարձանների «հայացման» մասին եւ, մասնավորապես, Ադրբեջանի Կրոնական կառույցների հետ աշխատող պետկոմիտեի բողոքը` «Շուշիում գտնվող մզկիթը հայկական թանգարան դարձնելու» մտադրության վերաբերյալ: «Ոչ ոք չի պատրաստվում ձեռք տալ, դեռ ավելին հայկական թանգարան դարձնել Շուշիի երկու մեծ մուսուլմանական մզկիթները»,- հայտարարել է «Ռեգնում» գործակալությանը Ս. Սարգսյանը: Նրա խոսքերով` խոսքը գնում է ադրբեջանա-ղարաբաղյան պատերզմի ընթացքում խիստ տուժած մուսուլմանական ոճի ոչ մեծ շինության մասին, որը գտնվում է մզկիթներից քիչ հեռու: Այն չի պատկանում հին հուշարձանների թվին եւ կառուցված է վերջերս: Վերականգնումից հետո այն գուցե օգտագործվի որպես վարչական շինություն, նշել է Սարգսյանը:





