«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում անդրադարձել է Հրազդանի ընտրություններին` գրելով, որ Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները բացահայտեցին այն մոդելը, որն իշխանությունն ընտրել է գալիք խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակն ապահովել համար:
«Չեն լինելու լցոնումներ, չի լինելու ընտրական տեղամասերում տուրուդմփոց, իշխող կուսակցությունները հնարավորինս խուսափելու են բոլոր տեսակի տհաճ միջադեպերից: Տեղամասերում լույսերն անջատելը պարզապես «ռետրո» էր, տուրք 90-ականների ավանդույթներին, անիմաստ մի քայլ, որի արդյունավետությունը հավասար է զրոյի` նման բան, կարծում եմ, էլ չի կրկնվի»,- գրել է նա:
Այդ ամենի փոխարեն, ըստ այդ ծրագրի, իր որոշիչ դերն է խաղալու ընտրողներին կաշառելը, որը, ճիշտ է, կիրառվում է 95 թվականից, բայց մասշտաբներն այս անգամ տպավորիչ են լինելու: Նման «տեխնոլոգիայի» համար, ըստ խմբագրի, պարարտ հող կա, որովհետև մեր հասարակության մեջ գերիշխող տրամադրությունն է` «մեկ է, այս երկիրը չի դզվի». «Իսկ եթե այդպես է, ապա ի՞նչ տարբերություն` նրա՞նք, թե՞ սրանք, գոնե մի երկու կոպեկ փող աշխատենք»:





