Ըստ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանի, Հրազդանի քաղաքապետի և ընդհանուր ՏԻՄ ընտրությունների մասով ընդդիմության բողոքները քաղաքական շուու են: Ինչպես նա նշեց մամլո ասուլիսի ժամանակ, «ընտրություններն անցել են բոլորի աչքի առաջ արդար թափանցիկ, և անգամ մեկ-երկու խախտումը չէին կարող ազդել ընտրությունների արդյունքի վրա»: Այդ համատեքստում նա նաև նշեց, որ հարցական է մնում, որ կողմն է իրականում խախտումներ արել:
«Սասուն Միքայելյանի բոլոր վստահված անձինք ներկա են եղել: Նրանք լավ տիրապետում են օրենքին, և նույնիսկ ընտրախախտումների հնարքներին, քանի որ լավ մասնագիտացել են այդ գործում իրենց իշխանության օրոք»,- շեշտել է պատգամավորը:
Ըստ նրա, ՀՀԿ-ն և իշխանությունները մեծ կարևորություն են տալիս տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը, քանի որ «չկա երկիր որ բռնի ժողովրդավարության ուղին և չկարևորի ՏԻՄ-ի զարգացումը»:
Փետրվարի 12-ին Հայաստանի 39 համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնք բոլորն էլ անցկացվեցին Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետի կոպիտ խախտումով: Այս մասին ասվում էր Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ: «Համաձայն օրենքի վերոհիշյալ դրույթի` «Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում և քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց և դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո»: Փետրվարի 12-ին կայացած ընտրություններում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, խախտելով օրենքի այս իմպերատիվ պահանջը, դրոշմակնիքները չեն ուղարկել տեղամասային ընտրական հանձնաժողովներին, ինչի արդյունքում տեղամասային հանձնաժողովները ամենուրեք խախտել են օրենքի պահանջը և ճանապարհ բացել բազմաթիվ օրինախախտումների համար:





