Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Փիթեր Շիդերը եւ այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Վալթեր Շվիմերը ողջունել են Հայաստանի Ազգային ժողովի որոշումը` մահապատժի վերացման եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 6 արձանագրությունը վավերացնելու վերաբերյալ: «Այս կարեւոր քայլը ավելի հնարավոր է դարձնում մահապատժի լրիվ վերացումը Եվրոպայում, ինչը մեր կազմակերպության գերակայություններից մեկն է: Մենք խրախուսում ենք հայկական իշխանություններին շարունակել կատարել այն պարտավորությունները, որ երկիրը ստանձնել է միանալով Եվրոպայի խորհրդին», – մասնավորապես նշվույմ է ուղերձում: Եվրոպայի խորհրդի 45 անդամ պետություններից 41-ը վավերացրել կամ ստորագրել են տվյալ արձանագրությունը:





