Գտնվելով ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովն այսօր հանդիպել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Աշոտ Ղուլյանի հետ: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, ռուսաստանյան դիվանագետը դրական է գնահատել այդ հանդիպումը` նշելով, որ շփումները ղարաբաղյան ղեկավարության հետ հնարավորություն կտան նրան լրիվ պատկերացում կազմել ինչպես Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի, այնպես էլ հակամարտության մասին, ինչը շատ կարեւոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա աշխատանքի համար: Ռուս դիվանագետը տեղեկացրել է «մինսկյան» համանախագահների տարածաշրջան այցելելու մտադրության մասին, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղ: Այսօր կայացել է նաեւ Յուրի Մերզլյակովի հանդիպումը ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Քննարկվել են ռազմա-քաղաքական իրավիճակը տարածաշրջանում եւ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի վրա իրավիճակը:





