Ես չեմ հավատում պատերազմի այն կոչերին, որոնք այսօր հնչում են Ադրբեջանում որոշ քաղաքական գործիչների կողմից: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա կարծիքով` դրանք անիմաստ կոչեր են, քանի որ կյանքն ապացուցել է, որ պատերազմը վերջնականապես չի լուծում հարցերը: ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ հարցերի վերջնական լուծումը հնարավոր է միայն քաղաքական դաշտում, միեւնույն ժամանակ համոզմունք հայտնելով, որ նման որոշում կգտնվի: «Ես համոզված եմ, որ պատերազմը պետք չէ ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ էլ, բնականաբար, Լեռնային Ղարաբաղին»,- նշել է Ա. Ղուկասյանը: Միաժամանակ ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի հրաժարվի իր անկախությունից: «Ես համոզված եմ, որ մեր ընտրած ճանապարհն արդյունավետ կլինի, եւ մենք կհասնենք մեր նպատակներին», – ասել է նա:





