AM
10 Հունվար 2004 - 14:43 AMT

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է 7 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դեմ մահափորձի նախապատրաստման գործով մեղադրյալ Լեւոն Աբրահամյանին սպառնում է 7 տարվա ազատազրկում: Պատժի նման ժամկետ է պահանջել դատախազը նախօրեին Երեւանում կայացած դատական նիստին, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Իր մեղադրական ճառում նա հայտարարել է, որ պաշտպանության նախարարի դեմ մահափորձը նախատեսված է եղել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Լեւոն Աբրահամյանի եւ Ստեփանակերտի բնակիչ Արայիկ Նարիմանյանի կողմից` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հարսանիքի օրը, որտեղ հրավիրված է եղել նաեւ Սերժ Սարգսյանը: Դատախազի խոսքերով` մեղադրյալի վերջնական նպատակն է եղել, համաձայն իր իսկ ցուցմունքների, իշխանափոխությունը Հայաստանում: Մահափորձի իրականացման համար Նարիմանյանը 500 դոլարով առաջարկել է Լ. Աբրահամյանին հեռակառավարվող պայթուցիկ սարք: Ոճրագործները կալանավորվել են հատուկ ծառայության աշխատակիցների կողմից 2003 թվականի սեպտեմբերի 15-ին Երեւանում պայթուցիկ սարքի փոխանցման ժամանակ: Դատապաշտպանի խնդրանքով, հաջորդ դատական նիստը հետաձգվել է մի քանի օրով` եզրափակիչ խոսքի նախապատրաստման նպատակով: