Լվովից Երեւան է վերադարձվել 17-րդ դարի իտալացի վարպետ Անդրեա Գվարներիի պատրաստած թավջութակը, որը դուրս էր բերվել Հայաստանից 1982 թվականին: Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվատվության, նախօրեին կայացել է երաժշտական գործիքի պաշտոնական հանձնումը Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանին: Թավջութակը ձեռք էր բերվել Հայաստանի մշակույթի նախարարության կողմից 1948 թվականին Մոսկվայում եւ երկար տարիներ պահվում էր հազվագյուտ լարային գործիքների պետական հավաքածույում: Սակայն 1982 թվականին թավջութակը դուրս էր բերվել Հայաստանից եւ վերջին տասը տարիների ընթացքում գտնվում էր Լվովում: Շնորհիվ Լվովի իշխանությունների բարի կամքին, ինչպես նաեւ քաղաքի հայկական համայնքի ջանքերին, թավջութակը վերադարձվել է Հայաստան:





