AM
22 Փետրվար 2012 - 09:26 AMT

Ազատության պողոտայի պուրակում 11 եղևնի են հատել 2-հարկանի օբյեկտ կառուցելու համար

Երեկ մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ գիշերը Ազատության պողոտայի թիվ 12 շենքի պուրակում 10-15 եղևնի է հատվել: Ոստիկանության ծառայողները Ազատության պողոտայի թիվ 12/1 և 12/2 շենքերի հարակից տարածքում հայտնաբերել են 11 ծառաբուն:

Պարզվել է, որ ծառերը ապօրինի հատել է 1973 թ. ծնված Արտակ Կ.-ն: Նա ոստիկանությունում բացատրություն է տվել, որ նշված տարածքը Երևանի քաղաքապետի որոշմամբ` աճուրդային վաճառքով, սեփականության իրավունքով հատկացվել է իրեն` երկհարկանի հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու համար:

Առուվաճառքի պայմանագրի հիման վրա՝ 2011 թ. նոյեմբերի 11-ին, տրվել է սեփականության վկայական, և տարածքում շինարարական աշխատանքներ սկսելու նպատակով, առանց համապատասխան թույլտվության, 11 ծառերը հատվել են իր նախաձեռնությամբ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: