ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի» ընկերության մաս կազմող Միջազգային էներգետիկ կորպորացիան (ՄԷԿ) մինչեւ փետրվար կպահպանի Հայաստանից Վրաստանին առաքվող էլեկտրաէներգիայի գործող սակագինը: ՄԷԿ-ի գլխավոր տնօրեն Միխաիլ Մանտրովի խոսքերով, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այդ քայլը ձեռնարկվել է հաշվի առնելով վրացական էներգահամակարգի բարդ վիճակը: Հիշեցնենք, որ Հայաստանի Բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշել էր հունվարի 21-ից բարձրացնել արտահանվող էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների սակագինը, ինչը համապատասխանաբար 30 տոկոսով կազդի ՄԷԿ-ի կողմից արտահանվող էլեկտրաէներգիայի գների բարձրացման վրա: Նշենք, որ Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարման այժմ գործող պայմանագրային գինը 2,54 ցենտ է 1 կՎտ/ժ դիմաց: Ներկայումս «Ալավերդի» էլեկտրահաղորդումների գծով Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարումների ծավալը կազմում է 60 ՄՎտ:





