AM
22 Հունվար 2004 - 15:16 AMT

ԱՄՆ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՐԱԳԱՑՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ Պետդեպարտամենտն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել արագացնելու հոկտեմբերի 15-ին երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ ձերբակալված անձանց գործերի ուսումնասիրությունը: Ինչպես նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ադամ Էրելին, «մենք գտնում ենք, որ իշխանությունները կա՛մ պետք է ներկայացնեն ձերբակալվածների մեղքի ապացույցներ, կա՛մ ազատ արձակեն նրանց»: Նա նաեւ Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել ադրբեջանցիների գործերի ուսումնասիրությունն իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան` նրանց ապահովելով անհրաժեշտ փաստաբանական պաշտպանությամբ, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Հիշեցնենք, որ Բաքվում ընտրությունների հաջորդ օրը տեղի ունեցած անկարգությունների արդյունքում ձերբակալվել է 100 հոգի, այդ թվում նաեւ ընդդիմության առաջնորդներ: