AM
24 Հունվար 2004 - 14:17 AMT

ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ ԵԽԽՎ-Ն ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ

Հունվարի 27-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում կքննարկվի Հայաստանում անցկացված դիտարկման արդյունքներով կազմված զեկույցը` Եվրախորհրդին անդամակցելիս երկրի ստանձնած պարտավորությունների կատարման առնչությամբ: Ինչպես տեղեկացրել են ՀՀ Ազգային ժողովում, նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն այսօր մեկնել է Սթրասբուրգ: Զեկույցում արտացոլված են Հայաստանի հասարակա-քաղաքական կյանքի բոլոր ասպեկտները` սկսած երկրում անցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների գնահատումից եւ վերջացրած ղարաբաղյան խնդրով: Համաձայն աղբյուրի` հայկական կողմը մտադիր է փոփոխություններ առաջարկել զեկույցի ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կետում: Մասնավորապես, կառաջարկվի «Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանի մնացած օկուպացված տարածքները» ձեւակերպումից հանել «մնացած» եւ «օկուպացված» բառերը: Նման ձեւակերպումը, հայկական պատվիրակության կարծիքով, կարող է սխալ պատկերացում ստեղծել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես գրավյալ տարածքների թվին է դասվում: