ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին այդ երկրում այցով գտնվող Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլին հայ-թուրքական սահմանի բացման կոչ է արել, ինչը հարուցում է Բաքվի մտահոգությունը: Դատելով Բաքվի «525» թերթում տպագրված հոդվածից, Բաքվի անհանգստությունն են հարուցում նաեւ թուրքական մամուլում տպագրված նյութերը, որոնք վերջին ժամանակներս ակտիվ քարոզում են Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների նորմալացումը` հանուն տնտեսական առաջընթացի: Այսպես, «Turkish Daily News» թերթը գտնում է, որ «երկու երկրների լուծումների մեխանիզմը չպետք է հենվի արտաքին ուժերի շահերի վրա»: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, Գյումրիում սահմանային անցակետի բացումը հնարավորություն կտա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը հասցնել մինչեւ 300 մլն դոլարի, իսկ հայ-ադրբեջանական սահմանի բացումը 35 տոկոսով կկրճատի Թուրքիայի տրանսպորտային ծախսերը Կենտրոնական Ասիայի հետ առեւտրային կապերում: Դիտորդները ենթադրում են, որ տարածաշրջանում տնտեսական շահերի աճը կարող է նախադրյալներ ստեղծել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Միաժամանակ Իրանն ու Ռուսաստանը հայտարարում են հայ-ադրբեջանական սահմանի բացման շուրջ իրենց շահագրգռվածության մասին: Անցած շաբաթ, ինչպես տեղեկացնում է «525» թերթը, Ռուսաստանում Իրանի դեսպան Գուլամրզա Շաֆեին կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին լուծելու ղարաբաղյան խնդիրը` հայտարարելով, որ դա հնարավորություն կտա կարգավորելու տրանսպորտային կապը Իրանի եւ Ռուսաստանի միջեւ: Նրա կարծիքին համամիտ է եղել նաեւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Սերգեյ Ֆրանկը:





