Մայրաքաղաքի առողջապահական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետարանում քննարկվել են Երևանի առողջապահական հաստատությունների արդիականացման և զարգացման հետ կապված հարցեր:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ դիմելով ներկաներին, նախ կարևորել է բնակչների սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությունը, ինչն, ըստ քաղաքապետի, ոլորտի արդյունավետ աշխատանքի գնահատման ամենակարևոր ցուցիչն է:
«Ծառայությունների որակի հետևողական բարձրացումը պետք է լինի ձեր առաջնահերթ խնդիրը, քանի որ ձեր կողմից մատուցվող ծառայությունների որակը գնահատելու ենք «ոչ մի բողոք քաղաքացիներից» սկզբունքով»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ Մարգարյանն ադրադարձել է նաև Գր. Նարեկացի և Սուրբ Աստվածամայր ԲԿՓԲ-ների՝ անջատման ձևով վերակազմավորելու գործընթացին, որի արդյունքում կստեղծվեն առանձնացված առողջապահական ընկերություններ՝ առանձին իրավաբանական կարգավիճակներով: «Վերակազմակերպումը հանգեցնելու է արդյունավետ կառավարման, ինչը ևս նպաստելու է քաղաքացիերի սպասարկման որակի բարելավմանը»,- շեշտել է քաղաքապետը: Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների արդիականացման հարցին`Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է հաստատությունների կողմից ներդրումային իրատեսական ծրագրերի ներկայացումը:





