ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Տավուշի մարզպետարանում խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի եւ տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը քննարկվեցին գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների վերաբերյալ օրենսդրական փաթեթի հետ կապված հարցեր: Փոխվարչապետը մանրամասներ ներկայացրեց փաթեթի վերաբերյալ` անդրադառնալով հիմնական նպատակներին եւ պարզաբանելով, որ վարչարարական ողջ շղթայի վերլուծության հիման վրա փորձ է արվում սահմանել այնպիսի մեխանիզմներ,որոնք հետագայում թույլ չեն տա ապառքների գոյացումը, հայտնում է ՏԿՆ մամլո ծառայությունը: Մասնավորապես` հաշվի առնելով հարկերի գանձման հետ կապված վաղեմության ժամկետի հանգամանքը, առաջարկվում է մինչեւ 2008թ. հունվարի 1-ը զրոյացնել հողի հարկի եւ գույքահարկի մասովգոյացած ապառքները: Իսկ 2008թ. հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի համար հարկային արտոնություններ են սահմանվում:
Հաջորդ ուղղությունները վերաբերելու են հարկային վարչարարության որոշ մեխանիզմների կատարելագործմանը եւ համայնքի ղեկավարի պատասխանատվության մեծացմանը, որոնց լուծում է տրվելու մեկ այլ փաթեթով:
Խորհրդակցության մասնակիցներն ընդհանուր առմամբ դրական համարելով մոտեցումները` առաջարկություններ ներկայացրեցին արտոնություններից օգտվողների շրջանակը հստակեցնելու, դրանք իրավաբանական անձանց եւ մինչեւ 2008թ. հունվարի 1-ը խոշոր ապառքներ ունեցող ֆիզիկական անձանց վրա չտարածելու վերաբերյալ: Առաջարկ եղավ նաեւ հողի հարկի դեպքում եւս կիրառելի դարձնել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում ամրագրված այն մոտեցումը, ըստ որի համայնքի ավագանին կարող է գույքահարկի գծով արտոնություն սահմանել` տվյալ տարվա համար այդ հարկատեսակի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների մինչեւ 10 տոկոսի չափով:
Փոխվարչապետը խոստացավ, որ առաջարկությունները կուսումնասիրվեն Ազգային ժողովում քննարկումների ժամանակ: Քննարկվեցին նաեւ ընթացիկ խնդիրներ, մասնավորապես` անդրադարձ եղավ հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերիիրականացման, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին:
Խորհրդակցությունից հետո փոխվարչապետը Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանի եւ Իջեւանի քաղաքապետ Վ. Ղալումյանի հետ քննարկեց տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծված իրավիճակը: Ավագանու անդամների մի մասը չի մասնակցում նիստերին, ինչի պատճառով քվորում չի ապահովվում, եւ առայժմ չի հաստատվել համայնքի բյուջեն:
Փոխվարչապետը հորդորեց քայլեր ձեռնարկել իրավիճակը կարգավորելու եւ բնականոն գործունեությունն ապահովելու համար: Քաղաքապետը տեղեկացրեց, որ համայնքային բոլոր հաստատությունները բնականոն գործում են, բնակչության համար խնդիրներ չեն առաջանում: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի`բյուջեն կատարվում է ըստ նախորդ տարվա համամասնությունների, եւ հունվարի կատարողականը կազմել է 105 տոկոս:





