AM
4 Փետրվար 2004 - 14:57 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՉԻ ԲԱՑԱՌԵԼ ԵՐԿՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԷԴՈՒԱՐԴ ՇԵՎԱՐԴՆԱՁԵԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Օքրուաշվիլին չի բացառում երկրի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի ձերբակալման հնարավորությունը: Ինչպես հաղորդում են վրացական աղբյուրները, այդ հայտարարությունը հնչել է տրանսպորտի, կապի եւ կոմունիկացիաների նախարար Մերաբ Ադեիշվիլու սկսված հարցաքննության առնչությամբ, որին ձերբակալել են ծառայողական դիրքը չարաշահելու եւ ֆինանսական հափշտակությունների մեղադրանքով: Գլխավոր դատախազության տվյալներով, այս տարվա հունվարի վերջին պաշտոնանկ արված նախարարի մասնակցությամբ կատարված հափշտակությունների չափը հասնում է 6 մլն դոլարի: Պատասխանելով այն հարցին, թե «Հնարավորություն կտան արդյո՞ք Ադեիշվիլու հարցաքննությունները դուրս գալ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների վրա», գլխավոր դատախազը նկատել է. «Ադեիշվիլուց բարձր միայն Էդուարդ Շեւարդնաձեն է»: «Ունեք, արդյո՞ք, հիմքեր Շեւարդնաձեին ձերբակալելու համար» հարցին նա պատասխանել է.«Ոչինչ չի բացառվում»: Վրաստանի իրավապահ մարմինների կողմից ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով արդեն ձերբակալվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք համարվում էին «Շեւարդնաձեի մերձավոր անձինք»: Ինչպես վերջերս հայտարարել էր Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, «Շեւարդնաձեն փաստորեն ստեղծել էր իր ընտանեկան կլանը, որը հանդիսանում էր նավթամթերքների ներմուծման մենաշնորհատերը, վերահսկում էր երկրի նավահանգիստը, բջջային մոբիլ կապի ընկերությունը»: «Այն անձինք, որոնք ուղղակիորեն ներգրավված էին կաշառակերության մեջ, կպատասխանեն օրենքի համաձայն»,- ասել է նախագահը: Հիշեցնենք, որ մինչեւ պաշտոնավարման ստանձնումը Սահակաշվիլին խոստացել էր, որ «կերաշխավորի Էդուրադ Շեւարդնաձեի անձեռնմխելիությունը»: