«Ես վարչապետին հարցրեցի, թե ինչ ա լինելու մեր գյուղի վիճակը: Բայց ես դրական պատասխան չեմ ստացել: Ես տեսնում եմ, որ վարչապետը տրամադրված ա գյուղը վերացնի: Վսյո»,-երեկ «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: Նրա փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ներկա է եղել նաև ԶՊՄԿ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, սակայն, ըստ Աթայանի` Հակոբյանն այն պաշտոնյան չէ, ում հետ պետք է Քաջարան գյուղի հարցը լուծել: «Մաքսիմ Հակոբյանին հանդիպեմ, ի՞նչ: Ասեմ` ապրե՞ս, որ տունս քանդում ես»,- ասել է Քաջարանի գյուղապետը:
Ի դեպ, երեկ վերջինս բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ նաև իր դժգոհությունն է արտահայտել Տիգրան Սարգսյանի այցից: «2011թ. սեպտեմբերից մինչև այժմ երկու անգամ Քաջարան քաղաք այցելած վարչապետը չբարեհաճեց գոնե մի քանի րոպեով մտնել Քաջարան գյուղ` Քաջարան քաղաքից 3 կմ հեռավորության վրա գտնվող, և դեմ առ դեմ զրուցել ամիսներ շարունակ անորոշության մեջ հայտնված գյուղացիների հետ: Բոլոր այս փաստերը վկայում են, որ կառավարությունը չի պատրաստվում անվավեր ճանաչել հակասահմանադրական ու հակազգային այդ որոշումը»,- նշել է գյուղապետը:





