Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը գտնվում է անցումային շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Բաքվի «Էխո» թերթը, նախօրեին կայացած Բաքու-Երեւան հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը: Ընդսմին նա նշել է, որ քաղաքականությունում մաքուր թուղթ երբեք չի եղել եւ չպետք է լինի: «Բանակցությունների տարիները, որոնք եղել են ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բնական է, դրել են այն հիմքը, որի վրա պետք է կառուցվի հակամարտության կարգավորման բուրգը»,- ասել է նա: Հայաստանի ԱԳ փոխնախարարի խոսքերով, ներկայումս` Ադրբեջանի նախագահի փոխվելու կապակցությամբ, կարելի է խոսել բանակցային գործընթացում նոր ձեւաչափի ստեղծման մասին:





