AM
16 Փետրվար 2004 - 14:12 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԼՂՀ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը դժգոհություն է հայտնել Լոնդոնի հակամարտությունների եւ պետական շինարարության տեղեկատվական ցանցի (ԼԻՆՔՍ) տնօրեն Ստեֆան Նեշի գլխավորած Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հասարակական կազմակերպությունների պատվիրակության Հայաստանով Լեռնային Ղարաբաղ այցելության առնչությամբ: Ինչպես նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին խոսնակը հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վախթանգ Կոլբայայի հետ անցյալ շաբաթվա վերջում կայացած հանդիպման ընթացքում: Միեւնույն ժամանակ, Մ.Ալեսքերովը հայտարարել է Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների փոխադարձ այցերի անթույլատրելիության վերաբերյալ, քանի դեռ չեն ազատագրվել գրավյալ ադրբեջանական տարածքները: Միայն այդ ժամանակ մենք կկարողանանք երկխոսություն վարել Հայաստանի հետ տնտեսական եւ քաղաքական հարցերի շուրջ եւ կարելի կլինի խոսել միասնական Կովկասի մասին, ասել է նա: