Խորհրդային Միության և Ռուսաստանի Դաշնության հերոս, ռուսական Պետդումայում «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») խմբակցության ղեկավարի տեղակալ Արթուր Չիլինգարովը դրական է գնահատել Հայաստանի նախագահի ելույթը` կուսակցության 13-րդ համագումարում: Նա հատկապես առանձնացրել է նախագահի ելույթի այն հատվածը, որում ասվում է, որ պետք է նորովի կառուցել կուսակցության աշխատանքը: «Պետք է այլ կերպ մոտենալ այն հարցերին, որոնք կապված են բնակչության սոցիալական պաշտպանության հետ, պետք է մոտ լինել մարդկանց, շփվել, երկխոսության մեջ մտնել, պաշտպանել նրանց շահերը: Սա այն է, ինչ մտնում է կուսակցության ծրագրերի մեջ»: «Նա ասել է ամենակարևորը, դա շատ նման է իմ մտքերին և նրան, թե ինչ է անում «Եդինայա Ռոսիան»,-նկատել է Չիլինգարովը:
Լրագրողների հարցին, թե ինչ նա խորհուրդ կտար ՀՀԿ-ին, հաշվի առնելով մայիսին կայանալիք ընտրությունները, Չիլինգարովը կոչ արեց հաշվի առվել դեկտեմբերին Ռուսաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները, որտեղ «Եդինայա Ռոսիան» կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը:
Ըստ նրա, դրա պատճառները որոշ սխալներն էին, որոնք խոստովանում է նաև «Եդինայա Ռոսիան»: Ընդ որում, Չիլինգարովն ընդգծել է, որ դատելով Սարգսյանի խոսքից, նա այդ ամենը հաշվի է առել: «Պետք է ժողովրդին մոտ լինել, լուծել աշխատանքի, ուսման, նորմալ աշխատավարձի խնդիրները: Եվ այդ ժամանակ ցանկացած մարդ կաջակցի այն կուսակցությանը, որը ոչ թե խոսքով, այլ գործով է լուծում այդ խնդիրները»,-հայտարարել է «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարի տեղակալը:





