AM
20 Փետրվար 2004 - 14:02 AMT

ՀԱՅ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌԸ

Բուդապեշտում ադրբեջանցի զինծառայողի կողմից Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության այլ վարկածների թվում ուսումնասիրվում է նաեւ քաղաքական վարկածը: Այդ մասին տեղեկացրել է «Ասսոշիեյթեդ պրեսս» գործակալությունը` վկայակոչելով Հունգարիայի մայրաքաղաքի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին: Բուդապեշտի ոստիկանության մայոր Վալտեր Ֆուլոպի խոսքերով` Ադրբեջանի զինված ուժերի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը սպանությունը կատարել է «առանձնահատուկ դաժանությամբ»: «Մենք ասում ենք «առանձնահատուկ դաժանություն», քանի որ բացի կրծքավանդակի շրջանում եղած դանակահարման վնասվածքներից, զոհի գլուխը առանձնացված էր մարմնից»,- պարզաբանել է ոստիկանը: Ինչպես տեղեկացնում է AP գործակալությունը, ձերբակալման ժամանակ Սաֆարովը դիմադրություն չի ցուցաբերել: Ընդսմին, Բրյուսելում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հրաժարվել են սպանության վերաբերյալ մեկնաբանություններից, նշելով, որ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող Բուդապեշտի ազգային պաշտպանության համալսարանում անգլերենի ուսուցման դասընթացները, որին մասնակցում էին հայ եւ ադրբեջանցի սպաները, կազմակերպել են Հունգարիայի իշխանությունները: