AM
20 Փետրվար 2004 - 14:07 AMT

ԲԱՔՎՈՒՄ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՆ` ՀԱՅ ԼԵՅՏԵՆԱՆՏԻՆ ՍՊԱՆԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱՅԻ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀՆԱՐԱՎՈՐ ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Չնայած Ադրբեջանի եւ Հունգարիայի միջեւ էքստրադիցիայի մասին համաձայնություն չկա, սակայն տեսականորեն Բաքուն կարող է դիմել Բուդապեշտում հայ լեյտենանտի սպանության մեջ կասկածվող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի փոխանցման մասին հարցումով: Այդ մասին Բաքվի «Էխո» թերթին տեղեկացրել է ադրբեջանցի փորձագետ Նիզամի Սաֆարովը: Նրա խոսքերով, մասնավորապես, Ադրբեջանը կարող է դիմել հարցումով` հիմնվելով 1983 թվականի դատապարտվածների փոխանցման մասին Եվրոպական կոնվենցիայի վրա: «Սակայն հունգարական կողմն ունի հարցումը մերժելու բոլոր հիմքերը, քանի որ հանցագործություն կատարած անձանց քրեական հետապնդումն իրականցվում է տարածքային քրեական իրավասության սկզբունքներից ելնելով»,- պարզաբանել է փորձագետը: Դա նշանակում է, որ ադրբեջանցի սպան հետաքննության ժամանակ կարող է մնալ Բուդապեշտում: Եթե հետաքննության արդյունքներով գործը կհասնի դատարան, ապա դատական գործընթացը նույնպես կանցկացվի Հունգարիայում, ասել է Սաֆարովը: Բուդապեշտի աղբյուրների համաձայն` ադրբեջանցի սպայի մեղավորությունը հաստատվելու դեպքում, նրան սպառնում է մինչեւ 15 տարի ազատագրում: Ամենայն հավանականությամբ, ադրբեջանցի սպան պատիժը կկրի Հունգարիայում: