Հայ եւ ադրբեջանցի փախստականների ինձ պատմած պատմությունները նման են, սակայն նրանց խնդիրների լուծումները պետք է տարբեր լինեն: Այս մասին նախօրեին Ստեփանակերտում լրագրողներին հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Թերի Դեւիսը` Ադրբեջանից հայ փախստականների հետ Շուշիում կայացած
հանդիպումից հետո: Զեկուցողը նշել է մարդկանց խնդիրներին ծանոթանալու համար նման հանդիպումների կարեւորությունը: Թ.Դեւիսը խոստացել է հայ փախստականներին Ադրբեջան իր այցի ընթացքում անպայման այցելել Շահումյանի եւ Գետաշենի շրջաններ, որտեղից արտաքսվել է ողջ հայ բնակչությունը: Միեւնույն ժամանակ, նա մտահոգություն է հայտնել փախստականների չլուծված խնդիրների կապակցությամբ, որոնք բացասաբար են ազդում տարածաշրջանի բոլոր ժողովրդների վրա: «Ողբերգության կրկնությունից խուսափելու համար պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնել փախստականների խնդրին, որը ղարաբաղյան հակամարտության բաղկացուցիչ մասն է կազմում», – ասել է ԵԽԽՎ զեկուցողը:





