Հետխորհրդային հանրային կարծրատիպը ենթադրում է, որ արևմտյան և հատկապես եվրոպական քաղաքականության պատասխանատուները լուրջ գործողություններ չեն կարողանում իրականացնել և նրանց արտաքին քաղաքական հիմնական ռեսուրսը սահմանափակվում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին բարձրաձայնելու և ժողովրդավարության գաղափարների ներքո կարգախոսային քաղաքականություն իրագործելու ունակության տիրույթում:
Սա, իհարկե, հանրային գիտակցության մակարդակում: Հավանաբար դեռ հավելյալ ժամանակ է անհրաժեշտ, որ «հոմոսովետիկուս» հասարակությունները ըմբռնեն, որ արևմտյան քաղաքագիտական դպրոցները լրջագույն նշանակություն ունեն և արևմտյան տնտեսական ու աշխարհաքաղաքական ամբողջ խաղը հիմնված է հենց այդ դպրոցների մշակած սցենարների և գործողությունների համապարփակ, հաջորդական ու նպատակասլաց համակարգ ենթադրող ծրագրերի վրա:
Նշենք, որ ի տարբերություն հետխորհրդային տարածաշրջանի, Եվրոպայում հանրային կյանքը կարգավորող բոլոր հաստատություններն ու ծրագրերը վաղուց ինստիտուցիոնալիզացված են, և հանդես են գալիս որպես փոխլրացվող համակարգեր: Դիվանագիտության և արտաքին քաղաքականության բոլոր դասագրքերում «սևը սպիտակի վրա» նշված է, որ «ցանկացած երկրի արտաքին քաղաքականությունն այդ երկրի ներքին քաղաքականության տրամաբանական շարունակությունն է»:
Եվրոպական «Նոր հարևանության» և «Արևելյան գործընկերության» քաղաքական ծրագրերը բավականին ուշագրավ երանգներ ունեն: Հարավկովկասյան տարածաշրջանում դրանք հենց եվրոպական ներքին քաղաքականության արտաքին դրսևորումներն են, որոնք միտված են տարածաշրջանն ավելի կանխատեսելի դարձնելուն և եվրաինտեգրացիայի գործընթացները արագացնելուն: Ընդհանրապես եվրոպական քաղաքական խաղը հարավկովկասյան տարածաշրջանում նուրբ դիմագիծ ունի, որը հեռանկարային դիվանագիտության դասական օրինակ է:
Դոկտրինալ արտաքին քաղաքականության կողմնակից եվրոպացի գործիչները մեր տարածաշրջանում հիմնական շեշտադրումը կատարում են արժեքային համակարգի վրա: Իհարկե, եվրոպացիները որոշ բարդություններ ունեն տարածաշրջանում: Եթե Հայաստանի և Վրաստանի արտաքին և ներքին քաղաքական հիմնական զարգացումները նրանց համար հասկանալի են և կանխատեսելի (ուստի նաև պարզ է դրանց վրա ազդելու մեխանիզմները), ապա Ադրբեջանի մասով առկա են զգալի հիմնախնդիրներ:
Պետք է նշել, որ եվրոպական արտաքին քաղաքականության մշակողներն ու իրականացնողները իրենց ինստիտուցիոնալիզավցած կառույցների միջև դերերի հստակ բաժանում են կատարել. Եվրոպայի խորհուրդը մեծամասամբ աշխատում է Հայաստանի խորհրդարանի և օրենսդրական ոլորտի հետ, իսկ Եվրոպական միությունն իր մասնագիտացված հաստատություններով մեծամասամբ աշխատում է բարձրագույն իշխանության և գործադիր ոլորտի հետ: Ուշագրավ է, որ վերջին շրջանում եվրոպացիները զգալի ուշադրություն են դարձնում նաև քաղաքական համակարգը ձևավորող կուսակցություններին և այդ աշխատանքը վստահված է Եվրոպայի ամենամեծ քաղաքական ուժին՝ Եվրոպայի Ժողովրդական կուսակցությանը:
Կասկածից վեր է, որ մարտի 10-ին տեղի ունեցած ՀՀԿ 13-րդ համագումարին ԵԺԿ նախագահ Վ. Մարտենսի ուղերձը հանդիսանում է Հայաստանում եվրոպական հեռահար քաղաքականության լրջագույն դրսևորում: Եվրոպացիները վաղուց հասկացել են, որ ի տարբերություն ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի, ՀՀ նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը քաղաքական մշակույթի կուսակցական ուղղվածության գործիչ է և մեծ քաղաքականությունը դիտարկում է արժեքային համակարգի ու գաղափարների մրցակցության համատեքստում: Պատահական չէ, որ 2007թ.-ին դեռևս պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը անդամագրվեց ազգային-պահպանողական ՀՀԿ-ին և 2008թ.-ի նախագահական ընտրություններին մասնակցեց որպես ՀՀԿ թեկնածու: «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» քոչարյանական կարգախոսը Սերժ Սարգսյանի համար այլևս ժամանակավրեպ էր և նա հասկացել էր, որ արագ փոփոխվող աշխահում մեծ քաղաքականությունը միայն գաղափարախոսությունների և քաղաքական հոսանքների դաշտում է գործում:
Կասկածից վեր է նաև, որ ԵԺԿ-ին ՀՀԿ լիիրավ անդամագրումը Հայաստանում եվրոպական նոր քաղաքականության կարևորագույն դրսևորում է: Եվրոպացիները հասկացել են, որ Հայաստանում իշխող ՀՀԿ-ն միակ կենսունակ քաղաքական ուժն է, որի հետ կարելի է պայմանավորվել, նրա վրա հենվել և իրականացնել եվրաբարեփոխումները: Պատահական չէր, որ իր ուղերձում ԵԺԿ նախագահ Վ. Մարտենսը մասնավորապես նշում էր. «Հարգելի Սերժ Սարգսյան… Մենք Ձեզ ընդունում ենք անվերապահորեն և ոգևորությամբ, քանզի վստահում ենք Ձեզ։ Մենք հպարտանում ենք Ձեր նախագահության օրոք Հայաստանի առաջընթացով։ Ես կուզենայի այդ համատեղ հաջողությունների հետ կապել նաև Ձեր վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը»:
Գաղտնիք չէ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը եվրոպական տիպի քաղաքական գործչի համբավ ունի և հենց նա էր ՀՀԿ նոր իմիջի ձևավորողը, ինչը և նշանակալի դերակատարություն ունեցավ ՀՀԿ-ի եվրաինտեգրման գործընթացում: Գաղտնիք չէ նաև, որ եվրոպացիներն իրենց օրինական և հետախուզական խողովակներով տեղեկացված են հայաստանյան քաղաքական գործընթացներին և համոզված են, որ իշխող ՀՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին նորից մեծամասնություն է վերցնելու և նորից իշխանություն է ձևավորելու, ուստի և ՀՀԿ համագումարին հնչած «քաղաքական ժեստը» հստակ ազդակ էր առ այն, որ Եվրոպան նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի բարեփոխումների կողմնակիցն է:
Եվ եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ՀՀԿ 13-րդ համագումարին նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական գիծը հրապարակավ աջակցության արժանացավ նաև ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից, իսկ ԱՄՆ-ի դեսպանն էլ իր հերթին բարձր գնահատականի արժանացրեց Հրազդանի քաղաքապետի ընտրությունների կազմակերպումը, ապա կարող ենք ենթադրել, որ առաջիկա գործընթացներում ՀՀԿ-ն ունի արտաքին աջակցություն: Ի վերջո, ակնհայտ է նաև այն, որ առաջիկա տարիներին եվրոպական քաղաքականությունը Հայաստանում զգալի առաջընթաց է արձանագրելու և եվրոպական կառույցները ավելի մեծ ծավալով են ներգրավվելու հայաստանյան քաղաքական գործընթացում, ինչը և ամենայն հավանականությամբ կարող է հանդիսանալ հայաստանյան բարեփոխումների կարևորագույն գրավականը:





