AM
13 Մարտ 2012 - 10:13 AMT

Նախկին օդաչու կենսաթոշակառուների գործով 11 անձանց մեղադրանք է առաջադվել

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է թվով 6 նախկին օդաչու կենսաթոշակառուների կենսաթոշակի հաշվարկման և վճարման ընթացքում հայտնաբերված խախտումների մասով նախաքննությունը:

Մեղադրանք է առաջադվել 11 անձանց:

2009-2010թթ. ընթացքում կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացում), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք և կատարելը), որով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: Նախաքննության ընթացքում, ի թիվս այլ չարաշահումների, խախտումներ են հայտնաբերվել նաև նախկին օդաչուների կենսաթոշակների հաշվարկման և վճարման ընթացքում:

Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2009թ. օգոստոս ամիսց մինչև 2010թ. փետրվարն ընկած ժամանակահտվածում ՀՀ ավիացիայի գլխավոր վարչության աշխատակից, այժմ հանգուցյալ Է. Միրզոյանի կազմակերպմամբ և նախկին բորտ-ուղեկցորդուհի Կ. Խալաթյանի միջնորդությամբ նախկին օդաչուներ Ա. Հակոբյանը, Մ. Եֆրեմյանը, Ա. Թունյանը, Տ. Սիմոնյանը, Ս. Հովհաննիսյանը և Ծ. Ասատրյանը Կ. Խալաթյանին տվել են ընդհանուր 16 800 ԱՄՆ դոլար գումար` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության «Դավիթաշեն» տարածքային բաժնի նախկին պետ Ս. Հակոբյանին և նույն բաժնի գլխավոր մասնագետ Գ. Վարդանյանին որպես կաշառք փոխանցելու համար:

Միջնորդության համար իր և Է. Միրզոյանի բաժնեմասը վերցնելուց հետո Կ. Խալաթյանը զգալի և խոշոր չափերով` ընդհանուր 7 600 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը փոխանցել է Ս. Հակոբյանին և Գ. Վարդանյանին` կենսաթոշակառուներ Ա. Հակոբյանի, Մ. Եֆրեմյանի, Ա. Թունյանի, Տ. Սիմոնյանի, Ս. Հովհաննիսյանի և Ծ. Ասատրյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու` պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կենսաթոշակի գործերում և հաշվարկ-կարգադրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու, իրենց գործողություններով հիշյալ կենսաթոշակառուներին տարբեր ժամանակահատվածներում խաբեությամբ թռիչքային գրքույկներում թռիչքային ժամերի հավելագրումների եղանակով ավել հաշվարկված ընդհանուր 7 855 650 դրամ խոշոր չափերի հասնող կենսաթոշակի գումարները ստանալուն և հափշտակելուն օժանդակելու դիմաց:

Նախաքննության ընթացքում օդաչու-կենսաթոշակառուների կողմից հափշտակված կենսաթոշակների գումարներն ամբողջությամբ վերականգնվել են:

Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում հայտնաբերված մյուս խախտումների վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է: