ԱՄՆ ցավում են Բուդապեշտում կատարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության կապակցությամբ եւ ցավակցություն են հայտնում նրա ընտանիքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԵԱՀԿ-ում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Դուգլաս Դեւիդսոնը` ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում Վիեննայում: «Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ԱՄՆ հավատարիմ են մնում խաղաղ գործընթացին: Այս հակամարտության երկու կողմերն էլ արդեն չափազանց շատ ողբերգական արյունահեղություն, ցավ եւ տառապանք են վերապրել, եւ մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին անել ամեն հնարավորը, որպեսզի այս տխուր պատահարը խոչընդոտ չդառնա խաղաղ լուծումների որոնման ճանապարհին»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը: «Միացյալ Նահանգներն ակնկալում են, որ երկու երկրների կառավարությունները խստագույն կարգապահություն կապահովեն շփման գծի վրա տեղակայված իրենց զորքերում` բռնության հնարավոր նոր դրսեւորումները կանխելու համար», – ասել է Դուգլաս Դեւիդսոնը:





