AM
1 Մարտ 2004 - 14:27 AMT

«ԶՎԵԶԴԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՀԱՄԱԿԱՐԳ ԾԱՎԱԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Զվեզդա» կապի միացյալ համակարգեր ընկերությունը այսօր կդիմի Հայաստանի ղեկավարությանը երկրում բջջային կապի համակարգ ծավալելու հայտը բավարարելու խնդրանքով: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Հակոբյանը, մոտ ժամանակներս տեղի կունենա նախագծի շնորհահանդեսը, ուր նախատեսվում է ներդնել առնվազն 60 մլն եվրո: Նրա խոսքերով, ցանցին միանալն ու ներցանցային խոսակցությունները կլինեն անվճար, բաժանորդավճարը կկազմի 10 դոլար: Ցանցը կառուցվում է ելնելով 1,2 մլն բաժանորդի հաշվարկից եւ կընդգրկի Հայաստանի ողջ տարածքի 95 տոկոսը: Է.Հակոբյանը հաղորդել է նաեւ, որ «Զվեզդա» ԿՄՀ ընկերության կանոնադրական հիմնադրամը լիովին բաղկացած կլինի օտարերկրյա կապիտալից: Մարտի 2-ին Երեւանում կկայանան բանակցություններ Ռուսաստանի հեռահաղորդակցության առաջատար ընկերություններից մեկի հետ` տեխնիկական օգնության ու համագործակցության վերաբերյալ: Նախատեսվում է նաեւ համագործակցություն սլովակյան խոշոր ընկերության հետ, որի ներկայացուցիչները շուտով կժամանեն Երեւան: