AM
1 Մարտ 2004 - 15:15 AMT

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՊԵՏԱԿԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՀԱՅ ԼԵՅՏԵՆԱՆՏԻՆ ՍՊԱՆԱԾ ԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ

Պաշտոնական Բաքուն աշխատանք է տանում Հունգարիայում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին իրավաբանական օգնություն ցույց տալու ուղղությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական «Դեյ.ազ» գործակալությունը, լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, Ադրբեջանի ԱԳՆ-ին տրվել են համապատասխան հանձնարարականներ եւ Վիեննայում Ադրբեջանի հյուպատոսը արդեն գործուղվել է Բուդապեշտ: Ի.Ալիեւն ասել է, որ միայն քննության ավարտից հետո հայտնի կլինի, թե արդյոք Ռ.Սաֆարովը մեղավոր է հայ զինծառայողի սպանության համար: Նախագահը գտնում է, որ Բուդապեշտի «միջադեպը» տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, եւ «նման փաստեր բազմիցս տեղ են գտել, հատկապես, ադրբեջանական եւ հայկական զորքերի շփման գծում»: Հիշեցնենք, որ Ռ.Սաֆարովը ձերբակալվել է փետրվարի 19-ին Բուդապեշտում Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության մեղադրանքով: