AM
3 Մարտ 2004 - 14:25 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ «ՓԱԿՈՒՂՈՒ» ՄԱՍԻՆ ԿԱՐԾԻՔԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի համարում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը անելանելի իրավիճակում է: «Ես չեմ կարող ասել, թե ինչն է հիմք հանդիսանում նման հայտարարություններ անելու համար»,- ասել է Ալիեւը լրագրողներին Ղազախստան կատարած պաշտոնական ուղեւորությունից Բաքու վերադառնալուն պես: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, Ալիեւը կրկին հայտարարել է «միջազգային իրավունքի նորմերի հիման վրա Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման» որպես իրավիճակից դուրս գալու միակ ելքի մասին: Հիշեցնենք, որ ղարաբաղյան կարգավորման հարցում փակուղային իրավիճակի մասին վերջերս ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: