ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Շեֆերը պատասխան նամակ է հղել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին` Բուդապեշտում հայ սպայի բարբարոսական սպանության կապակցությամբ: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, նամակում, մասնավորապես ասվում է, որ նրան խորապես ցնցել է Հայաստանի ԶՈւ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության փաստը եւ խնդրել է իր ցավակցությունը փոխանցել զոհվածի ընտանիքին: «Ինչպես գիտեք, Հունգարիայի իշխանությունները մանրակրկիտ հետաքննություն են իրականացնում, եւ ես վստահ եմ, որ նրանք կանեն հնարավորը սպանության բոլոր հանգամանքները պարզելու եւ արդարադատության գերակայությունը ապահովելու համար: Ես ուշադրությամբ հետեւելու եմ ինչպես հետաքննության արդյունքներին, այնպես էլ` դատավարության ընթացքին», – հավաստիացրել է գլխավոր քարտուղարը: Յաապ դե Հուպ Շեֆերն ընդգծել է, որ դաշինքը բարձր է գնահատում Հայաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: Փոխվստահության հաստատումը եւ Կովկասում տարածաշրջանային համագործակցության խրախուսումը հանդիսանում են Գործընկերության եւ ՆԱՏՕ-ի համագործակցության քաղաքականության կարեւորագույն բաղադրիչները, նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը:





