Հայաստանի չորս հասարակական կազմակերպություններ մտահոգություն են հայտնել «որոշ հայ քաղաքական եւ հասարակական գործիչների անպատասխանատու հայտարարությունների» առնչությամբ, որոնք «անթույլատրելի ընդհանրացումներ են արել ադրբեջանցի ժողովրդի հասցեին»: Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Երեւանի մամուլի ակումբի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի եւ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի համատեղ դիմումի համաձայն, խոսքը, մասնավորապես, գնում է սումգաիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի արտահայտությունների եւ մարտի 4-ին ԱԺ-ում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ելույթի մասին, երբ նա խոսում էր Բուդապեշտում հայ սպայի սպանության մասին: «Որքան էլ ծանր լինեն բուդապեշտյան ողբերգության հետ կապված ապրումները, մենք կոչ ենք անում քաղաքական զսպվածություն ցուցաբերել եւ հույս ենք տածում, որ մեր երկրի համար ուղեցույց կմնան ողջամտությունը եւ ժողովրդավարական արժեքները»,- ասվում է փաստաթղթում: Իշխող քաղաքական կոալիցիան ներկայացնող բարձրաստիճան քաղաքական գործիչների նման արտահայտությունները առավել քան անընդունելի են, քանի որ կարող են գնահատվել որպես մեր պետության պաշտոնական դիրքորոշում եւ նոր խոչընդոտներ ստեղծել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների եւ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում, գտնում են վերոհիշյալ կազմակերպությունների ղեկավարները: «Հակահայկական տրամադրությունների սրացումը Ադրբեջանում եւ դրա հետեւանքները պետք է խստագույնս դատապարտվեն, սակայն բնավ չեն կարող արդարացնել մեր հասարակության համար խորթ ռասիստական, ազգայնամոլական գաղափարների տարածումը»,- նշվում է կոչում:





