AM
10 Նոյեմբեր 2026 - 14:39 AMT

ՔԿԾ․ Արսեն Գևորգյանը կալանավայրում առողջական խնդիրներից չի բողոքել

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել: Այդ մասին հայտնել է ԱՆ ՔԿԾ խոսնակ Նոնա Նավիկյանը, հայտնում է Radar.am-ը:

«Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված անձ (կալանքի սկիզբը՝ 21․10․2026թ․) Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակը, որը կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնությունը։

Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը»,-հայտնել է Նավիկյանը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը կրում են իշխանությունները։

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը, որին իշխանությունը ընտրություններից առաջ կալանավորեց` վարկաբեկման արշավ սկսեց անհիմն մեղադրանքներով:

Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, որի պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում և կալանավորում են»,– ասված է հայտարարությունում։

Արսեն Գևորգյանը 46 տարեկան էր։

Հոկտեմբերի 21-ին, իրավապահները ձերբակալել են Արսեն Գևորգյանին և ևս 13 անձի։ Ձերբակալություններն իրականացվել են այն ժամանակ, երբ խուզարկություններ են կատարվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի գրասենյակում։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ ձերբակալվածներից 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել են կալանքը, որոնց թվում է եղել նաև Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։